Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում Էյֆելյան աշտարակի շուրջն ապակե պատ կկանգնեցնեն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Le Parisien-ը:
2.5 մետր բարձրությամբ պատը կկանգնեցնեն արդեն այս աշնանը: Ահաբեկչական հարձակումից պաշտպանության համար նախատեսված կառույցը 20 մլն եվրո է գնահատվում:
Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերակցության ղեկավար Բեռնար Գոդյերի խոսքով՝ խոսքը զրահապատ պատնեշի մասին է, որը կներառի աշտարակի շուրջ գտնվող այգիների մեծ մասը:
Անցյալ տարվա դեկտեմբերի կեսին Ֆրանսիան մինչեւ 2017 թվականի հուլիսի 15-ը երկարաձգել էր 2015-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը:




























