2016 թվականը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման տեսանկյունից բավական հագեցած տարի էր: Փետրվարի 14-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:
Նա հիշեցրեց, որ տարվա ընթացքում նախարարների մակարդակով մի շարք այցեր են կայացել, Երեւան է այցելել Փարիզի քաղաքապետը, ապակենտրոնացված համագործակցությանն ուղղված համատեղ նիստեր են կայացել:
Տնտեսական առումով նույնպես առաջընթաց կա: Որպես օրինակ դեսպանը նշեց ջրամատակարարման ոլորտում «Վեոլա» ընկերության հետ ստորագրված պայմանագիրը: Բացի այդ՝ երկու վարկային պայմանագիր է կնքվել. մեկը՝ 75 մլն դոլարի պայմանագիր ֆրանսիական զարգացման գործակալության հետ՝ Վեդիում ջրամբարի շինարարության համար, մյուսը՝ 40 մլն-ի բյուջետային վարկի պայմանագիր: Հարաբերությունները զարգանում են մշակութային եւ կրթական ոլորտներում:
Դեսպանի խոսքով՝ 2016-ին Հայաստանին 20 մլն դոլարի աջակցություն է տրամադրվել, ըստ որում՝ Ֆրանսիան ԱՄՆ-ից եւ Գերմանիայից հետո երրորդ տեղում է: «Սա վկայում է, որ Հայաստանին տրամադրվող հասցեական օգնությունը 5 անգամ աճել է»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ 2017-ը հանդարտ է սկսվել: «Մենք մեծ թվով նախագծեր ունենք»,- հավաստիացրեց նա՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայնի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 8-ին Փարիզ կայցելի:


























