«Ֆրանսիայի հետախուզությունը լրտեսների նոր սերունդ է հավաքագրում»,- նշված է Figaro-ում, որն այսօրվա համարում անդրադարձել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող արտաքին հետախուզության վարչության՝ DGSE, եւ ՆԳ նախարարության ենթակայության ներքո գտնվող ներքին հետախուզության գլխավոր վարչության՝ DGSI, անցկացվող անձնակազմի հավաքման արշավին: 

Նման ակտիվության պատճառը սպառնալիքների աճն է, որոնց երկիրը բախվում է, առաջին հերթին՝ ահաբեկչության եւ կիբերհանցավորության, ինչը պահանջում է հատուկ ծառայությունների ռեսուրսների, այդ թվում՝ կադրերի մշտական թարմացում:

Արտաքին հետախուզության համար առաջին հերթին ինժեներներ են պահանջվում, հատկապես համակարգչային անվտանգության գծով, նաեւ արեւելյան լեզուներին տիրապետող մասնագետներ:

Վերջին 15 տարում, չնայած պետական հաստատությունների բյուջեների կրճատման ընդհանուր միտումին, արտաքին հետախուզության հաստիքակազմը 30 տոկոսով աճել է եւ կազմում է 6400 մարդ: 2019-ին ծրագրվել է հաստիքներն ավելացնել մինչեւ 7100 մարդու:

Պակաս արագ տեմպերով չի աճում նաեւ ներքին հետախուզության հաստիքակազմը. 2015-ին, այսպես կոչված, «Շառլի ծրագրի» շրջանակում Ներքին անվտանգության ծառայությունը 500 աշխատակից է ընդունել, նրանց թիվն այսօր հասնում է 3500-ի, իսկ 2018-ի վերջին ծառայությունը նախատեսել է եւս 934 մարդու ընդունել:

Ամեն դեպքում, ներքին եւ արտաքին հետախուզությունների ծառայություններն ո՞ւմ են փնտրում իրենց շարքերը համալրելրու համար: «Մեր կադրային կազմը չափազանց բազմազան է, նրանց թվում են՝ ինժեներներ, վերլուծաբաններ, լեզվաբաններ եւ լոգիստիկայի մասնագետներ»,- ասել է արտաքին հետախուզության վարչության աշխատակազմի տնօրեն Շառլ Մորոն:

Figaro-ի հոդվածում նշված է, որ հետախուզությունը փորձում է աշխատանքի ընդունել համալսարանների վերջին կուրսերում սովորող երիկտասարդ մասնագետներին: Դա վերաբերում է ապագա ծրագրավորողներին, տվյալների վերլուծության մասնագետներին, մաթեմատիկոսներին, վերծանողներին կամ այնպիսի մասնագիտություն ունեցողներին, ինչպիսին են միջուկային էներգիայի կամ բալիստիկայի մասնագետները: Նրանց ներգրավելու համար հետախոոզությունն սկսնակներին առաջարկում է տարեկան 33-ից մինչեւ 35 հազար եվրո աշխատավարձ, իսկ աշխատանքի փորձ ունեցողներին՝ մինչեւ 40 հազար եվրո: Նրանց նաեւ կարիերայի աճ են խոստանում եւ գերժամանակակից տեխնիկայով հետաքրքիր աշխատանք:

Տեխնիկական մասնագետներից բացի, հետախուզությունը նաեւ արտասահմանյան լեզուների գերազանց իմացությամբ մասնագետների կարիք ունի: Անգլերենից բացի՝ ռուսերեն, չինարեն, արաբերենի տարբեր բարբառներ, պարսկերեն կամ կորեերեն: Նման մասնագետներին գտնելը հեշտ չէ, Figaro-ին ասել է զրուցակիցներից մեկը, Ֆրանսիայում այս լեզուներին անհրաժեշտ մակարդակով տիրապետող համալսարանական շրջանավարտները սակավաթիվ են: Դժվարություն է ստեղծում նաեւ այն, որ արեւելյան լեզուների համապատասխան թեկնածու գտնելու դեպքում անգամ, նրանց ընդունելն անհնար կլինի, քանի որ նրանք ընտանիքի հետ արտասահմանում են ապրում, իսկ դա հակասում է գաղտնիության պահանջներին:

Վերջապես աշխատակիցների որոնումից բացի, արտաքին հետախուզության ծառայության անձնակազմի պատրաստման համար պատասխանատու գնդապետ Անրին նշում է, որ եւս մեկ խնդիր է այն, որ ժամանակակից երիտասարդներն աչքի չեն ընկնում ներփակվածությամբ, հակառակը՝ նրանք չեն կտրվում իրենց բջջայիններից, շարունակ համացանցում են եւ անձնական կյանքը մասնագիտականից չեն տարանջատում: