ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարական է ներկայացրել: Նա խոստովանել է, որ դեկտեմբերի վերջին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփումների մասին ոչ լիարժեք տեղեկություններ է տրամադրել, եւ ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից: BBC-ի հաղորդմամբ՝ Ֆլինին կփոխարինի գեներալ Ջոզեֆ Քելոգը:

«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրել նախագահից եւ փոխնախագահից, եւ նրանք ընդունել են իմ ներողությունը»,- ասված է Ֆլինի հայտարարությունում:

Մայքլ Ֆլինը Վաշինգտոնում ՌԴ դեսպանի հետ շփումներ է ունեցել դեկտեմբերին: Սկզբում նախկին բանակային գեներալը հերքում էր, որ զրույցների թեման պատժամիջոցներն են եղել, եւ նրանից հետո այդ մասին հայտարարում էր փոխնախագահ Մայք Փենսը: Ավելի ուշ Ֆլինը Սպիտակ տանը հաղորդել է, որ պատժամիջոցների թեման, ամեն դեպքում, կարող էր քննարկվել:

Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պարտականությունները ստանձնած գեներալ Քելոգն առավել հայտնի է որպես Քիթ Քելոգ: Նա բանակում է եղել ավելի քան 30 տարի, ծառայել է Վիետնամում, Կամբոջայում, Պանամայում եւ Պարսից ծոցում: