Շվեդական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնել Շվեդիայի Էրեբրու (Օրեբրո) քաղաքում ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի մահվան վերաբերյալ. շվեդական Expressen թերթը պնդում ՝ իբր նա ձերբակալվել էր խանութից խոզի ֆիլե գողանալու կասկածանքով:

Ինչպես նախկինում նշել է նրա փաստաբան Մարկ Սաֆարյանը, ոստիկանության բաժնում նա ասել է, որ իրեն լավ չի զգում եւ ցույց է տվել, որ ինքնազգացողությունը վատացել է:

Թերթի փոխանցմամբ, փաստաբանը նշել է, որ Դավիթն իրեն վատ է զգացել թե՛ ձերբակալությունից առաջ, թե՛ հետո, բայց ոստիկաններն օգնություն չեն ցուցաբերել:

Էրեբրուի ոստիկանությւոնից թերթին հայտնել են, որ ահազանգ էին ստացել երեկոյան ժամը 20:04-ին՝ Willys խանութից: Ըստ թերթի, երկու հոգի՝ հավանաբար մոտ 30 տարեկան, գողացել էին խոզի ֆիլեի 20 փաթեթ:

Ոստիկանները նրանց փորձել էին կանգնեցնել, սակայն նրանք կարողացել էին փախչել դեպի ավտոմեքենան, որտեղ նրանց սպասում էր երրորդ անձը:

Նրանք գնացել էին հիվանդանոց, որպեսզի իրենց ընկերոջը օգնություն տրամադրվի, բայց այնտեղից նրանց բերման են ենթարկել ոստիկանություն:

Ավելի վաղ NEWS.am-ը զրուցել էր մահացած 32-ամյա Դավիթ Բարսեղյանի ընկերոջ՝ Խորեն Սինանյանի, հետ, որը պատմել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը  եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց։

Ընկերների այն կոչերին, թե իրենց ընկերը լավ չի զգում, ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին: Ոստիկանական բաժնում նույնպես նրան օգնություն չի տրամադրվել, նրան բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է:

Շվեդ ոստիկանների փոխանցմամբ, Դավիթի ինքնազգացողությունը վատացել է ոչ թե մեքենայում, այլ գիշերը, բանտախցում. մինչեւ առավոտյան բժիշկները եկել են, արդեն ուշ է եղել։

Դավիթ Բարսեղյանը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս տղա՝ 3 եւ 4 տարեկան:

Շվեդական դատարանում գործ է հարուցվել, հայկական կողմի փաստաբանն է Մարկ Սաֆարյանը: Դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է:

Այս առնչությամբ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի հանգամանքները պարզելու համար ՀՀ դեսպանությունը դիմել է Շվեդիայի իշխանություններին, ընթանում է քննություն։