Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի հաղթելու հնարավորությունները մեծ են: Փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որը գլխավորելու է «Ելք»-ի համապետական ընտրացուցակը:
«Մենք մաքուր էջից ենք սկսում: Մեր դաշինքի հասցեին որեւէ մեղադրանք չի կարող հնչել: Հայաստանի քաղաքացիներն արդեն փորձել են ընտրություններում ներկայացված ուժերին: Միակ ուժը, որը հանդես է գալիս նոր մոտեցումներով, «Ելք» դաշինքն է»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ այսօր կայացած քվեարկության արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը գլխավորելու է «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը: Առաջին եռյակն այսպիսին է. Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան:


























