Միացյալ Նահանգների պատմության մեջ դեռ չի եղել, որ որեւէ նախագահ այդքան չվստահեր հատուկ ծառայություններին, ինչպես Թրամփը, որը նաեւ հրապարակավ է դա ցուցադրում։ Գերմանական «Շթեռն» պարբերականի մեկնաբանը վկայակոչում է Դաշնային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Ջոն Շինդլերին, որի խոսքով հետախուզական ծառայությունները մտածված թաքցնում են տեղեկատվությունը Սպիտակ տան նոր թիմից։
«Նույնիսկ երդմնակալությունից երեք շաբաթ անց Սպիտակ տունը գրեթե ամեն օր անտակտություն է ցուցաբերում, ինչը թիմում լուրջ խնդիրների առակայության վկայություն է»,– պնդում է Շինդլերը. «Նախագահը հակասում է մեր աշխատակիցներին, վիրավորում եւ թերագնահատում է մեր աշխատանքը»։
Հատուկ ծառայությունների մտահոգության առարկան Ռուսաստանի նկատմամբ նոր վարչախմբի հատուկ վերաբերմունքն է։ Խոսքը, առաջին հերթին, արդեն նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի մասին է, որ դեռ նախքան երդմնակալությունը Ռուսաստանի պաշտոնյաներից մեկի հետ զրույցում իրեն թույլ էր տվել ակնարկել, որ Վաշինգթոնը կարող է մեղմել կամ վերացնել Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ «Սա հանցագործություն է, նախկին գեներալը լիազորված չէր նման հայտարարություններ անել։ Նա նաեւ պետք է հասկանար, որ այդ հեռախոսազրույցը ձայնագրվում է։ Իսկ դա նշանակում է, որ Ֆլինը կամ չափազանց հիմար է, կամ՝ չափազանց ամբարտավան»,– ասել է Ջոն Շինդլերը։
ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների վրդովմունքն է առաջացնում նաեւ նախագահ Թրամփի վերաբերմունքը, որը Սպիտակ տանը գտնվելու առաջին իսկ օրվանից հրաժարվել է ամենօրյա ճեպազրույցից հատուկ ծառայությունների հետ, ինչը ոչ մի նախագահ չէր արել։ Թրամփը նաեւ հրահանգել է անվտանգության հարցերով իր խորհրդականին ներկայացնել ընդամենը մեկ էջի վրա գրված՝ առավելագույնը 10 կետից բաղկացած զեկույց։ Հատուկ ծառայությունների կողմից սա գնահատվել է որպես իրենց աշխատանքի նկատմամբ անվստահություն։




























