Եվրոպայում ՆԱՏՕ–ի անդամ երկրները եւ Կանադան 2016 թվականին 3,8 տոկոսով կամ շուրջ 10 միլիարդ դոլարով ավելացրել են պաշտպանության վրա ծախսվող գումարները, մինչ Հյուսիսատլանտյան դաշինքը տարիներ շարունակ փորձում է վերջ տալ բյուջեի կրճատումներին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է Reuters–ը։
«Մենք գզալի առաջընթաց ենք արձանագրում, սակայն մեզ երկար ճանապարհ է սպասում...սա բավական չէ», – հայտարարել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ԱՄՆ–ի նախագահ Թրամփը իր հետ կայացած երկու հեռախոսազրույցների ընթացքում շեշտել է ՆԱՏՕ–ի պաշտպանական ծախսերը ավելացնելու անհրաժեշտությունը։
Ստոլտենբերգի խոսքով, Լատվիայի, Լիտվայի եւ Ռումինիայի պաշտպանական ծախսերը մոտենում են ՆԱՏՕ–ի կողմից սահմանված պետբյուջեի 2 տոկոս նպատակային ցուցանիշին, Գերմանիան նույնպես ավելացնում է ծախսերը։
Ըստ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի, 2015 թվականին միայն Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Հունաստանը եւ Էստոնիան են հասել նպատակային ցուցանիշին, Եվրոպայում դաշինքի անդամ մյուս երկրները դեռեւս խնդիրներ ունեն պաշտպանական բյուջեն ավելացնելու հարցում։ Նրա խոսքով, Եվրոպայի պաշտպանական ծախսերը դառնալու է Բրյուսելում մայիսին կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփի հետ քննարկվելիք հիմնական հարցերից մեկը։



























