Լիտվայի Սեյմը միաձայն վավերացրել է երկրում գտնվող ամերիկացի զինվորականների կարգավիճակի մասին Լիտվայի ու ԱՄՆ-ի պայմանագիրը, հայտնում է Delfi–ն։ Փաստաթղթի օգտին է քվեարկել 111 պատգամավոր։
Նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի առաջարկով պայմանագիրը վավերացվել է շտապ կարգով։ «Անկասկած ԱՄՆ-ն մեր անվտանգության գլխավոր երաշխավորն է ու Լիտվայի ռազմավարական գործընկերը։ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայից հետո ԱՄՆ-ն առաջինն է ԼԻտվա ուղարկել օդային ոստիկանության լրացուցիչ կործանիչներ, նաեւ վաշտեր, դրանով իսկ հաստատելով, որ Լիտվայի անվտանգությունը մտահոգում է ԱՄՆ-ին»,- ասել է պայմանագիրը վավերացման ներկայացրած պաշտպանության նախարար Վիտաուտաս Ումբրասասը։
Պայմանագրով ամերիկացիներն իրավունք են ստանում դատել իրենց այն զինվորականներին, որոնք հանցագործություն են կատարել, ընդ որում այն վերապահումով, որ բացառիկ կարեւոր դեպքերում Լիտվան կարող է նման գործերն իր իրավազորության դաշտ վերցնել։ ԱՄՆ-ն նաեւ իրավունք է ստանում օգտագործել որոշակի ռազմական օբյեկտներ, չնայած դրանք շարունակում են մնալ ԼԻտվայի սեփականությունը։ ԱՄՆ-ի հետ 2017-ին նմանատիպ պայմանագրեր են կնքել նաեւ Լատվիան ու Էստոնիան։



























