Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա եւ Ռեյնլանդ-Պֆալց դաշնային հողերում ոստիկանությունը փետրվարի 15-ին խուզարկություններ է կատարել Գերմանիայում Կրոնական հաստատությունների թուրք-իսլամական միության (DITIB) հոգեւորականների բնակարաններում: Այս մասին հայտնում է «Գերմանական ալիքը»:

Խուզարկությունն իրականացվում է լրտեսության կասկածանքով քննության հետ կապված, որը հունվարի 18-ից DITIB-ի աշխատակիցների դեմ անցկացնում է դաշնային դատախազությունը: Կազմակերպության իմամներին կասկածում են իսլամական համայքի անդամներին ու ուսուցիչներին հետեւելու եւ ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների մասին հավաքած տեղեկությունները Անկարային փոխանցելու մեջ:

DITIB-ի պաշտոնական ներկայացուցիչը հունվարին լրտեսության մեղադրանքները համարել էր «իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունեցող», սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ իմամները սխալ են հասկացել Թուրքիայի կրոնական հարցերով Diyanet պետական վարչության հրահանգները: