ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը մարտահրավեր է դառնում ՆԱՏՕ-ի համար, ասվում է Tagesspiegel կայքում։
ՆԱՏՕ-ի էությունն այն է եղել, որ զսպի Վարշավյան պայմանագրի երկրներին ԱՄՆ-ի հետ եվրոպացիների միության օգնությամբ։ «Գերմանացիները ինտեգրված են եղել թե արեւմտյան ռազմական դաշինքին, թե արեւելյան՝ դա եղել է երաշխիք, որ նրանք այլեւս ցանկություն չեն ունենա իրենց ենթարկեցնել հարեւաններին»։
2017-ին շատ բան է փոխվել։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն անվանում է իրեն սպառած՝ ամենայն հավանականությամբ դա վերաբերում է ոչ թե դաշինքի բովանդակությանը, այլ դրա ձեւին ու մատնանշում է բարեփոխման անհրաժեշտությունը։ Թրամփը դժգոհությամբ է նշում, որ ՆԱՏՕ-ի 28 անդամների մեծ մասը ռազմական կարիքների վրա ՀՆԱ 2 տոկոսից էլ քիչ են ծախսում ու դաշինքը չափից թույլ է՝ հրատապ սպառնալիքներին դիմակայելու տեսակետից, որոնք Թրամփի կարծիքով առաջին հերթին ԻՊ-ից են բխում»,- ասել է պարբերականը։
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում, որն այս օրերին անցնում է Բրյուսելում, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը պետք է հանդիպի իր եվրոպական գործընկերների հետ։
ՆԱՏՕ-ի թեման շոշափվելու է նաեւ անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի ժամանակ, որը կկայանա այդ շաբաթվա վերջին, նշում է պարբերականը։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ու պաշտպանության նախարար Մեթթիսը այդ ժամանակ կբացատրեն Թրամփի քաղաքական նպատակները։
«Եթե Պուտինի նախորդները շահագրգռված էին ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի սահմաններին իրավիճակը կայուն պահելու հարցում, ապա Պուտինը կարծես այլ կերպ է մտածում։ Այդ ռեգիոնները արեւմտյան կազմակերպությունների օգնությամբ կանունացնելը նա դիտարկում է որպես ռուսական ազդեցության հնարավորությունների կորուստ։ Մոսկվան միջամտում է շատ երկրների ներքին քաղաքականությանը, ձգտելով կանխել դրանց կողմնորոշումը դեպի Արեւմուտք, ու նույնիսկ դիմում է ռազմական ներխուժման՝ ինչպես Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի ու Հայաստանի դեպքում»։
«Եթե ՆԱՏՕ-ի պաշտպանությունը ու դրա ներուժը չլիներ, Կենտրոնական Եվրոպայում անվտանգության իրավիճակը կարող էր վատանալ ամենադրամատիկ ձեւով։ Բալթյան երկրները, Լեհաստանը ու Հունգարիան ի վիճակի չէին լինի պաշտպանվել ագրեսիայից։ Չէր կարողանա նաեւ բունդեսվերը՝ իր այսօրվա վիճակով։ Իսկ ՆԱՏՕ-ի շրջանակում հավաքական պաշտպանությունը ոչ միայն երաշխավորում է անվտանգության բարձր մակարդակ, այլեւ փող է տնտեսում։ ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրներն իրենց տնտեսական հզորությամբ 25 անգամ գերազանցում են Ռուսաստանին։ Ոչ մի փորձագետ լրջորեն չի հավատում, որ Պուտինը կհամարձակվի բացահայտ առճակատման գնալ դաշինքի հետ։ Սակայն այս վստահությունը հիմնված է միայն այն պայմանի վրա, որ ՆԱՏՕ-ն այսուհետ էլ է հավատարիմ մնալու հավաքական պաշտպանության սկզբունքին՝ դաշինքի երկրներից մեկի դեմ հարձակումը պետք է հակադարձվի համատեղ ջանքերով»,- գրում են հոդվածագրերը։




























