Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2015թ. մարտի 12-ին մահացած 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի գործով երրորդ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն է ստացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը:

«Մեր գնահատմամբ, եզրակացությունը կրկին թերի է, հարցերը թերի կամ մասնակի են պատասխանված, կամ ընդհանրապես չկա պատասխան: Բժշկական սխալի պահը նույնպես անորոշ էր նշված: Տուժողի իրավահաջորդը բացատրություն է տվել, որ չի գոհացնում եզրակացությունը: Այժմ սպասում ենք քննիչի որոշմանը»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ կրկնակի փորձաքննությունից հետո քննիչը որոշել էր կարճել քրեական գործը, սակայն հսկող դատախազը վերացրել էր այդ որոշումն ու ցուցում տվել նախաքննությունը շարունակել, որից հետո էլ արդեն երրորդ փորձաքննությունն էր նշանակվել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մոտ 2015թ. հունվարի 12-ին հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կինը մարտի 2-ին քիմիաթերապիա էր ընդունել: Մահացածի որդին պնդում է, որ մայրն առանց լյարդի պատշաճ հետազոտության է ենթարկվել քիմիաթերապիայի, ինչի հետեւանքով լյարդային անբավարարության պատճառով 10 օր անց՝ մարտի 12-ին անց մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն: