Լոռու մարզի Շահումյան համայնքում այսօր` փետրվարին 20-ին, ձյան ծանրությունից փլուզվել է Օֆելյա Աղբալյանին պատկանող սեփական տան տանիքի մեծ մասը: Փլվել է հյուրասենյակի ու ննջասենյակի տանիքը, ինչի հետեւանքով փլուզման վտանգի տակ են հայտնվել նաեւ տան մյուս հատվածները:

Օֆելյա Աղբալյանի որդին՝ Լեւոն Բաղդասարյանը, զոհվել է 1993թ.-ին, Ղարաբաղյան պատերազմում: Ընտանիքն ընդգրկված է զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանի հատկացման հերթացուցակում:

Փլուզման վտանգի տակ գտնվող տանն այժմ ապրում են զոհվածի մայրը, կինը, դուստրը: Համայնքապետ Էդիկ Մանուկյանի խոսքով՝ ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում:

«Շատ հին տուն է, նախկինում թուրքի տուն է եղել, բնակարանը ապահովված չէ տարրական կենցաղային պայմաններով: Տան տանիքն ամբողջությամբ ամեն պահի կարող է փլվել»,- NEWS.am-թղթակցի հետ զրույցում նշեց համայնքապետը: