Փետրվարի 27–ին ամբողջությամբ հայտնի կլինի ընտրական տարածքներում առաջադրվող թեկնածուների  ամբողջական ցանկը։ Առայժմ  հստակ են առանցքային թեկնածուները, որոնք համարվում են հիմնական քվե բերող  ռեսուրսը։  Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակներն,  այսպես ասած, գլխավորում են մարզպետները։ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց, որ առաջադրվել է այս տարածքում։

Հարցին՝ կարծիքներ կան, որ մարզպետների առաջադրումներն արդեն իսկ ենթադրում է, որ նրանք չարաշահելու են պաշտոնական դիրքը եւ վարչական լծակներն օգտագործելու են իշխանության օգտին, Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց. «Մեր օրենսդրությունը բոլոր հարցերի պատասխանը տալիս է, ես օրենքով սահմանված կարգով քարոզարշավ եմ իրականացնելու, գտնվելու եմ արձակուրդում։ Կարող եք հետեւել եւ համոզվել, որ վարչական լծակներ մարզպետի կողմից չեն կիրառվելու»։

 Մարզպետն ասաց՝ կուսակցությունն է որոշել, որ առաջադրվի եւ ենթարկվելու է այդ որոշմանը։ Անցողիկ քվե հավաքելու դեպքում անգամ չգիտի՝ կլինի՞ պատգամավոր, թե՞ ոչ։ ՀՀԿ–ում պետք է որոշեն՝ մարզպետի պաշտոնում է շարունակելու, թե՞ պատգամավորական գործունեությամբ է զբաղվելու։