Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում Ներգնա տուրօպերատորների միության անդամների եւ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է տուրիզմի բնագավառի զարգացմանն ուղղված հարցեր ու խնդիրներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի ճանաչելիության բարձրացմանը, արտերկրում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացմանը, զբոսաշրջության ապակենտրոնացմանը, միջազգային ավիաչվերթերի: Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը նշել է, որ հայկական զբոսաշրջային ընկերությունները մասնակցում են միջազգային տարբեր ցուցահանդեսների, որոնց նպատակն է տարբեր շուկաներում լավագույնս ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու գրավչությունը: Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում մատուցվող զբոսաշրջային ծառայությունները՝ հյուրանոց, հանրային սնունդ, տրանսպորտ եւ այլն, մրցունակ են եւ անհրաժեշտ է աշխատանքներ տանել մատչելի սակագներով գործող ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ: Նշվել է նաեւ, որ վերջին շրջանում նկատվում է ՌԴ-ից կորպորատիվ տուրիզմի լուրջ աճ:
Անդրադառնալով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը եւ ներգնա զբոսաշրջության ոլորտի զարգացմանը՝ վարչապետը տուրօպերատորներին հորդորել է ներկայացնել հստակ ծրագիր, որտեղ նշված կլինեն պետության եւ մասնավորի գործառույթները: «Ձեւակերպեք իրագործելի, տրամաբանություն ունեցող, կառուցողական, խելացի եւ համակարգված ծրագիր: Հայաստանը պետք է ճանաչելի դարձնել արտաքին աշխարհին եւ այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել հնարավոր բոլոր հարթակները»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը կարեւորել է տարածաշրջանային տուրփաթեթների մշակումը եւ ռեգիոնալ զբոսաշրջային շուկայի ձեւավորումը՝ ավելացնելով, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության առջեւ ոլորտի հետեւողական զարգացման խնդիր է դրվել, այժմ աշխատանքներ են տարվում Հայաստան միջազգային նոր, այդ թվում՝ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ:
Հանդիպմանը տուրօպերատորները բարձրացրել են նաեւ ԱԱՀ-ի ներդրմանը, զբոսաշրջային գործակալությունների լիցենզավորմանը վերաբերող հարցեր:






























