Իսպանական ոստիկանությունը ստիպված է եղել կրակ բացել գազի բալոններ տեղափոխող բեռնատարը կանգնեցնելու համար, որը բարձր արագությամբ ընթանում էր հանդիպակաց գոտով։
Ոստիկանության տվյալներով, բեռնատարը գողացված էր։ Վարորդն անտեսել էր կանգ առնելու՝ ոստիկանության պահանջը ու փորձել էր պոկվել ոստիկանների հետախնդումից։ Ընդ որում նա քաղաքի կենտրոնում դուրս էր եկել հանդիպակաց գոտի ու հարվածել մի քանի այլ մեքենաների, հայտնում է BBC–ն։
Ոստիկաններն ի վերջո ստիպված են եղել մի քանի կրակոց արձակել մեքենայի կողմը։ Վարորդը դրանից հետո կանգնեցրել է մեքենան։
Հայտնում են, որ վարորդը կրակոցներից չի վիրավորվել։ Նա ծագումով Շվեդիայից է, նախկինում հոգեկան խնդիրներ է ունեցել։ Նրան ուղարկել են բուժհետազոտության, որից հետո կհարցաքննեն։ Առեւանգված բեռնատարը բութանով լցված մի քանի տասնյակ բալոն էր տեղափոխում։




























