«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել: Հացադուլով նա իր զորակցությունն է հայտնում «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած եւ փետրվարի 9-ից հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին (Հաց բերող):  Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, NEWS.am-ը տեղեկանում է «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրությունից:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին  «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:

Գործով բողոք էր ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան, դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: