ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է հանրային զուգարաններ տրանսգենդերների հաճախելու կանոնների վերանայման մասին, որոնք ընդունվել են նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընդունված կանոնների համաձայն՝ պետական դպրոցները պետք է տրանսգենդեր աշակերտներին թույլ տան հաճախել այն սեռի համար նախատեսված զուգարան, ինչպիսին իրենք են իրենց համարում: Այս նորամուծությունը որպես Օբամայի նախագահության կարեւորագույն ձեռքբերում էր համարվում:
Սպիտակ տան մամուլի քարուղար Շոն Սփայսերն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը կարծում է, որ այդ հարցով չպետք է զբաղվի դաշնային կառավարությունը. հարցը պետք է թողնել նահանգների իշխանություններին:
Օբամայի նախագահության օրոք ընդունված որոշումը թեժ քննարկումների առիթ էր դարձել ավանդական արժեքների պաշպանների եւ սոցիալական առաջընթացի համար պայքարողների միջեւ:
Նախագահ Թրամփի վարչակազմի փոփոխություններն առայժմ որեւէ կերպ չեն ազդի դպրոցների վրա, քանի որ Օբամայի հրամանագիրն անցյալ տարվա օգոստոսին ժամանակավորապես արգելափակվել էր Թեխասի դատավորի կողմից:




























