«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Նախընտրական խոստումների տոպրակը բացվել է՝ հայաստանյան հորերից նավթ է ժայթքելու, 18 տարեկաններին բանակ չեն տանելու, նվազագույն աշխատավարձը կդառնա 80 հազար դրամ, իսկ արագաչափերը թափվելու են Նուբարաշենի աղբանոց: Խոստումներն ինձ համոզիչ չեն թվում: Ինչպես նաեւ շատ-շատ այլ բաներ:
Ինձ համոզիչ չի թվում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Օհանյանի եւ Օսկանյանի հետ դաշինք կնքելը, դաշինքի մեջ սեփական անունը մտցնելը, իսկ հետո Արմեն Մարտիրոսյանին առաջին պլան մղելը: Եթե Րաֆֆին չէր ցանկանում առաջին դերերում հանդես գալ, ապա թող դաշինքը կոչվեր Օհանյան-Արմեն-Օսկանյան (ՕԱՕ)՝ էլի վատ չէր հնչի: Չնայած ես շարունակում եմ պնդել, որ «Համախմբումը» եւ այնտեղ ներգրավված մարդիկ՝ Անդրանիկը, Էլինարը, Երվանդը, Վահեն, Կարենը՝ Օսկանյանի գլխավորությամբ, շատ լավ հանդես կգային ընտրություններում առանց արհեստական դաշինքների: Անշուշտ, թվարկածս մարդիկ արժանի են տեղ զբաղեցնելու խորհրդարանում: Ծանրաքարշ, ոչ կոմպակտ, կարելի է ասել՝ ասիմետրիկ դաշինքի առկայությունը աշխատանքը դարձնում է պակաս արդյունավետ:
Ինձ չի համոզում, երբ Արարատ Զուրաբյանը պնդում է, որ քննադատել է ոչ թե Ծառուկյանին, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Որովհետեւ հաշվի չի առնվում մի «փոքրիկ» նրբություն: Նա քննադատել է Տեր-Պետրոսյանին՝ Ծառուկյանին, այսինքն՝ օլիգարխիայի առաջատարներից մեկին, միանալու համար՝ համարելով, որ համակարգի ներկայացուցչին միանալով հնարավոր չէ պայքարել համակարգի դեմ: Եվ դրա մեջ, անշուշտ, կա տրամաբանություն: Բայց նույն տրամաբանության համաձայն՝ նույն օլիգարխին իր՝ Զուրաբյանի միանալը նույնքան քննադատելի է:
Ինձ համոզիչ չի թվում, երբ իշխանությունն ասում է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ, որովհետեւ եթե թեկուզ անցած 10 տարվա ընթացքում պայքարեին, ապա, ասենք, կադաստրի կամ հարկայինի շարքային աշխատակիցը 100 անգամ լավ չէր ապրի, քան համալսարանի պրոֆեսորը: Հիշում եմ 1996 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուբեն Հակոբյանի ելույթը, երբ նա ասաց՝ այս իշխանություններն ասում են, որ պայքարելու են կոռուպցիայի դեմ, բայց նրանք եւ կոռուպցիոներները նույն համակարգի երկու թեւերն են, իսկ երկու թեւերի ամենաբնական շարժումը ծափահարությունն է:
Ինձ չի համոզում գավառցի օլիգարխ Տիգրան Արզաքանցյանը, որն ասում է, թե իր մարզում կկասեցնի արտագաղթը: Գուցե նա չգիտի, որ արտագաղթը հնարավոր չէ կանխել 5 տարին մեկ կարիքավորներին փող բաժանելով: Բայց իր կուսակցությունում՝ ՀՀԿ-ում, կան խելացի մարդիկ, որոնք կարող են դա բացատրել: Ընդհանրապես՝ ով արտագաղթը կասեցնելու խոստում է տալիս՝ որ կուսակցությունից էլ լինի, պարզապես մոլորեցնում է մարդկանց:
Միակ մարդը, որի խոստումներին հավատում եմ, Գագիկ Սուրենյանն է: Այնպես որ, վստահաբար կարող եմ ասել՝ վաղը եւ մյուս օրը եղանակը տաքանալու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























