Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պարտադիր չի համարում Հունաստանի պարտքերի վերակառուցումը: Աթենքի պարտքի մի մասի դուրսգրման անհրաժեշտություն «այս պահին» չկա: Այս մասին Բեռլինում կայացած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՀ-ի տնօրեն Քրիսթին Լագարդը, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Լագարդի խոսքով՝ այդուհանդերձ ընթացիկ պարտքը կվերակառուցվի, օրինակ՝ տոկոսադրույքների նվազեցման կամ վարկերի մարման ժամկետների փոփոխման ճանապարհով:
Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատել Հունաստանի կառավարության գործունեությունը, որը փորձում է միջազգային վարկատուների պահանջները կատարել:
Ներկայումս ԱՄՀ-ը չի մասնակցում Հունաստանին ֆինանսական օգնության հատկացման ծրագրերին: Գերմանիան շահագրգռված է ԱՄՀ-ին ներգրավելու Աթենքին վարկավորելու նոր ծրագրերի իրականացմանը: Սակայն այս հարցում ԱՄՀ-ի եւ եվրոպական դոնորների միջեւ լուրջ տարաձայնություններ կան: Հիմնադրամը կողմ է Հունաստանի համար ԵՄ-ի հաստատած բյուջետային ցուցանիշների նվազեցմանը եւ պարտքի մի մասի դուրսգրմանը: Գերմանիան նման մոտեցմանը դեմ է:




























