Իջեւանում թոշակառու կնոջից 260 դրամ գողանալու մեջ մեղադրվող Վազգեն Օհանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Արմեն Ադամյանը:
«Դատաքննությունն ընթանում է ընդհանուր կարգով, քանի որ իմ պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Մենք համաձայն չենք նաեւ մեղադրանքի որակման հետ, կարծում ենք` պետք է վերաորակվի այն»,- ասաց փաստաբանը` նշելով, որ ավելի մանրամասն իրենց դիրքորոշումը կհայտնեն դատարանում:
Նշենք, որ նախաքննությամբ ապացուցվել է, որ իջեւանցի Վազգեն Օհանյանը՝ Վզեն, 2016թ. հոկտեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում փայտ վաճառելու, ջուր խմելու պատրվակով մուտք է գործել Իջեւանի տներից մեկը: Գույք հափշտակելու նպատակով կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Վազգեն Օհանյանը ձեռքերով դեմքի եւ գլխի հատվածում հարվածներ է հասցրել տան տարեց բնակչուհուն, կոկորդից բռնել, սպանության սպառնալիքներ տվել եւ պահանջել գումար եւ բջջային հեռախոս: Այնուհետեւ գումար գտնելու նպատակով ստուգելով անկողինը, հագուստի գրպանները, բաճկոնի գրպանի դրամապանակից Վազգենը վերցրել է 260 դրամն ու դիմել փախուստի:
Վազգեն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով (ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով): Նա կալանավորված է:
Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել ավազակային հարձակման մասին:




























