Եվրամիությունը լավատեսորեն է տրամադրված առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ. քաղաքացիները ընտրությունների կգնան՝ հավատալով, որ այս անգամ իրենց ձայնը հաշվի կառնվի: Այս մասին փետրվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունների համար շատ կարեւոր է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը: «Սակայն Եվրամիության աջակցության ամբողջական պատկերը պատկերացնելու համար ես թվեր կներկայացնեմ: ԵՄ-ը ավելի քան 7 մլն եվրո է հատկացրել առաջիկա ընտրություններում տարբեր միջոցառումների աջակցության համար: Գրեթե 4 մլն եվրո է հատկացվել ընտրողների ինքնության հաստատման սարքերի ներդրմանն առաջկցելու համար»,- նշեց Սվիտալսկին:
Ըստ դեսպանի՝ հատկացված գումարը մի փոքր քիչ է այն գումարից, որը հատկացվել էր նախորդ ծրագրի շրջանակներում: «Վերջին 12 ամիսներին մեր կատարած շատ բան չի կարող թվերով արտահայտվել: Իհարկե, մենք դա չէինք անի, եթե համոզված չլինեինք, որ ընտրությունները ավելի բարձր մակարդակով կանցկացվեն, քան նախորդները: Դա չի նշանակում, որ այն կատարյալ կլինի, ամեն ինչ կանխատեսելն անհնար է, սակայն տվյալ պահին մենք լավատես ենք»,- նշեց դեսպանը:




























