Կանադայի Հայ ազգային կոմիտեն (ANCC) միջազգային հանրությանը կոչ է անում Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, որ այս երկիրը իր խոստումը կատարի եւ Ռամիլ Սաֆարովին բանտարկի. ադրբեջանցի զինծառայող, որն իրագործել է հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սարսափազդու սպանությունը:
ANCC-ը դատապարտում է Ադրբեջանի կառավարության կողմից մարդասպանին ներում շնորհելն ու պարգեւատրելը: Տեղի ունեցածը մեկնաբանելով՝ ANCC-ի նախագահ Շահեն Միրաքյանը նշել է. «Միջազգային իրավունքի լիովին անտեսմամբ ծառայողական ցուցակով, նաեւ մարդու իրավունքներն անընդմեջ խախտող Ադրբեջանը չի կարող հուսալի գործընկեր լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»:
Միրաքյանի խոսքով՝ Ադրբեջանին կոչ չանելով Ռամիլ Սաֆարովին կալանավորել, միջազգային հանրությունը մեսիջ է ուղարկում, որ չի պնդի Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարտավորությունների կատարումը: «Ադրբեջանի վերջին գործողությունները այն բանի վառ վկայությունն են, որ Ալիեւի ռեժիմը շարունակում է ատելություն եւ բռնություն տարածել՝ վտանգելով տարածաշրջանի խաղաղությունը, եւ այդ ամենը հանուն նրա, որ ուշադրությունը շեղի սեփական կոռուպցիոն սկանդալներից»,- ասել է Միրաքյանը:




























