Հարյուրավոր ներգաղթյալներ, այդ թվում՝ անչափահասներ, Կալե են վերադարձել, որտեղ նոյեմբերի սկզբին Ֆրանսիայի իշխանությունները վերացրել էին փախստականների վրանային ճամբարը՝ այսպես կոչված «Կալեի ջունգլիները»: Այնտեղ մոտ 10 հազար մարդ էր ապրում: Reuters-ը հաղորդում է, որ այս մասին հայտնել է ներգաղթյալների օգնության Utopia 56 ասոցիացիայի ղեկավար Գաել Մանզին: Այսօր Կալե է վերադարձել 300-ից մինչեւ 400 մարդ:

Մանզիի խոսքով՝ ներգաղթյալների օգնության տարբեր միությունների ներկայացուցիչներն ամեն օր երեկոյան հավաքվում են Կալեի արդյունաբերական գոտու պահեստներից մեկում, տաք ընթրիք պատրաստում եւ տաք հագուստ հավաքում, որը հետո բաժանում են քաղաքային կայարանում եւ այլ կետերում գտնվող փախստականներին: