Թուրքիայում ձերբակալված գերմանական Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուսելին երկուշաբթի անորոշ ժամկետով քննչական մեկուսարան են տարել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սա անհամարժեք պատիժ է որակել եւ Թուրքիայի իշխանություններին կոչ արել հարգել խոսքի ազատությունն ու ազատ արձակել լրագրողին:

Ըստ պարբերականի՝ Յուսելին մեղադրում են «ահաբեկչական խմբավորումների քարոզչության եւ բռնություն հրահրելու» մեջ: 43-ամյա լրագրողը կալանքի տակ է արդեն շուրջ երկու շաբաթ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Կառավարությունն ակնկալում է, որ թուրքական արդարադատությունը Յուսելի դեպքում կհարգի խոսքի ազատությունը: Մենք կշարունակենք ակտիվորեն պայքարել՝ Դենիզ Յուսելի գործի ազնիվ քննությանը հասնելու համար եւ հույս ունենք, որ նա շուտով ազատության մեջ կլինի»,- հայտարարել է կանցլերը: