ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանն առողջանում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ փետրվարի 28-ին է տեսակցել նրան եւ իր պաշտպանյալն առողջական վիճակից գանգատներ չունի:

«Լավ էր զգում իրեն, տրամադրությունը լավ էր, չնայած վիրահատած ոտքը դեռ չի կարողանում գետնին դնել, քայլել նորմալ»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերի 27-ին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում ենթարկվել է ոտքի վիրահատության, հոկտեմբերի 5-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Արմեն Լամբարյանի ձախ ոտքի ազդրի կոտրվածքի պատճառով տեղադրվել է մետաղական հարթակ «օստեոսինթեզ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը սեպտեմբերի 26-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց:

Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):