Nissan ապրանքանիշը ներկայացրել է Nissan X-Trail 4Dogs նոր կոնցեպտ քարը։ Նորույթը ստեղծվել է հատուկ շների սիրահարների համար, հայտնում է Gazeta –ն։ Բեռնախցիկը ամբողջովին հարմարեցված է շներին առավելագույն հարմարավետ ուղեւորություն ապահովելու համար։

Մեքենան ունի հավաքվող ցնցուղ, որի օգնությամբ կարելի է լողացնել կենդանուն, իսկ հետո չորացնել նրան հատուկ ֆենով։ 445 լիտր տարողունակությամբ բեռնախցում կարելի է միացնել չորացման ինտեգրված համակարգը, որը այնտեղ տաք օդ է ներմղում։

Նաեւ բեռնախցիկն ունի շների համար հանգստի վայր եւ կերակրաման։ Շների կապերը ամրակցելու հատուկ մեխանիզմն էլ ապահովում է նրանց անվտանգ երթեւեկությունը։ Վարորդն ու առջեւի ուղեւորը կարող են dog-cam–ի օգնությամբ հետեւել շներին։ Շների համար էլ բեռնախցում 10 դյույմանոց էկրան է տեղադրված, որպեսզի տերը կարողանա աուդիոհամակարգով խոսել նրանց հետ, եւ շներն իրենց հանգիստ ու ապահով զգան։