Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Լիբանանում այցելել է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն:

Արամ Առաջին կաթողիկոսի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո դեսպան Մինասյանն ու Վեհափառը միասին շրջել են Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում և Անթիլիասի Կիլիկիա թանգարանում, որտեղ ցուցադրված են Սիսի կաթողիկոսարանից փրկված եկեղեցական սպասքն ու մասունքները: Արամ Առաջինն ու Միքայել Մինասյանը միասին այցելել են Անթիլիասի Մայրավանքում տեղակայված Հայոց ցեղասպանության հուշարձան, որն առաջինն է աշխարհում:

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն այցելել է նաև  Ջբեյլի Թռչնոց բույն որբանոցի ամենահին շենքերից մեկը, որտեղ 1915 թվականին հազարավոր հայ որբեր ապաստան են ստացել Մարիա Յակոբսենի և մյուս միսիոներների ջանքերով: Արամ Առաջինի նախաձեռնությամբ շենքն արդեն երկրորդ տարին է՝ թանգարանի է վերածվել:

«Ես վերհիշեցի Ցեղասպանության ողջ պատմությունը, այն վերապրած մանուկների ճակատագրերը: Չեմ կարող չհիշել Մարիա Յակոբսենին. մի կնոջ, ով իր կյանքը նվիրել է հայ ժողովրդին: Նա սովորել է հայերեն, որպեսզի  հայ մանուկների հետ խոսի իրենց մայրերի լեզվով: Ես վստահ եմ, որ թանգարանի այցելուներն այստեղից դուրս են գալու դրական տպավորություններով ու գաղափարներով»,-թանգարանում լրագրողների հետ զրույցում ասել է Միքայել Մինասյանը:

Նշենք, որ թանգարանի վերածված որբանոցի շենքում փրկված որբերի պատմություններ, բացառիկ արխիվային փաստաթղթեր և չհրապարակված նյութեր են պահպանվում: