Ապարանում նախօրեին, մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 12:25-ին փրկարարական վարչություն ստացվել է ահազանգ, որ Ապարան քաղաքի Բաղրամյան 49 հասցեում գտնվող երկհարկանի շենքը փլուզվում է:

Դեպքի վայր են ժամանել մարզային փրկարարները, ովքեր անմիջապես տարհանել են շենքի բնակիչներին, տարածքը սահմանազատել ժապավեններով ու իրազեկել բնակչությանը: Մեզ հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ շենքը նայած վաղուցվանից է վթարային, սակայն իրենք այսքան տարի շարունակ վախով են ապրել:

Այսօր արդեն, երբ պատերն սկսել են թեքվել, բնակիչներին տարհանել են տներից: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ , գնդապետ Արմեն Ամիջանյանն ասաց, որ իրենց կողմից զեկուցվել է մարզպետին ու քաղաքապետին: Կատարվել են ուսումնասիրություններ, սպասում են սեյսմիկ ծառայության վերջնական որոշմանը:

Ըստ վարչության պետի՝ բնակիչներին առաջարկվել է մի քանի օր մնալ հարազատների տանը, մինչեւ որ խնդրին որեւէ լուծում տրվի:

Նկատենք, որ վթարային շենքի հիմնապատերը առանձնացել են հատակից ու առաստաղից: Շենքից ամեն րոպե քարեր են թափվում, իսկ հատակը գնալով «նստում է»: Բնակիչները չգիտեն, թե որքան են մնալու բարեկամների տանը. «Էլ ոչ կարանք էս քանդվող շենքում մնանք, ոչ էլ ամիսներով բարեկամների տանը»:

Երկհարկանի շենքը 16 բնակարան ունի, որից բնակեցված է եղել 12-ը: Փրկարարները տարհանել են թվով 22 բնակիչների

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի