Ինչպես գիտեք, հունվարը օրացուցային տարվա ամիսներից «վատագույնն է» մեր տնտեսության համար։Եվ այսպես, նախորդող ամսվա՝ դեկտեմբերի համեմատ, հաշվետու հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է միայն 53․1 տոկոս։ Դրա համար էլ, սեզոնայնության գործոնը բացառելու համար, ավելի ճիշտ է ամեն ամիսը համեմատել անցած տարվա նույն ամսվա հետ։

Այստեղ, դատելով պաշտոնական թվերով, հայրենական տնտեսությունը փայլուն ցուցանիշներ է ցույց տվել։ Այդ նույն տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է տարեկան կտրվածքով 106․5 տոկոս։ Նույնիսկ մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը, որը վերջին տարիներին անշեղորեն կրճատվել է, հունվարին աճ է ցույց տվել (3․6 տոկոսով)։

Ծառայությունների ծավալը նույնպես ավելացել է, ընդ որում երկնիշ թվով՝ 12․1 տոկոսով։ Իսկ ահա գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը թեկուզ աճել է, բայց զուտ խորհրդանշորեն՝ 0․2 տոկոսով։ Շինարարության ոլորտում արդեն ավանդական դարձած անկումը պահպանվել է նաեւ նոր տարվա առաջին ամսին՝ տարեկան կտրվածքով 5․3 տոկոս՝ մինուս նշանով։

Դրական առաջխաղացումներ են նկատվել պետբյուջեի հարկային եկամուտների ոլորտում։ Հիշեցնենք, որ անցած տարվա հունվարին այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով 2․7 տոկոսով նվազել է։ Ընդ որում զգալի անկում է եղել մի շարք առաջատար հարկերի հավաքման գծով՝ ԱԱՀ, մաքսատուրք, ակցիզային հարկ եւ այլն։ Նեգատիվը հունվարով չի սահմանափակվել, ու անկումը շարունակվել է նաեւ մյուս ամիսներին։

Իսկ ընթացիկ տարվա հունվարին հարկերի ներհոսքը պետական գանձարան ավելացել է 8․9 տոկոսով։ Այդ ձեռքբերումը մեծամասամբ ապահովվել է ակցիզային հարկի հավաքման աճով՝ 3․7 մլրդ դրամով՝ կամ գրեթե 2․2 անգամ։ Նկատենք , որ ընդհանուր տեմպում հարկի այդ տեսակի մասնակցությունն արտահայտվել է հարաբերական 5 տոկոս աճով։

Սմբատ Գրիգորյան