Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում շուրջ 3 տարի առաջ ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի եւ նորածնի գործով դեռեւս դեկտեմբերին նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը տեղի չի ունեցել։

«Որեւէ քննչական գործողություն այս պահին չի կատարվում։ Քննիչն է փոխվել, սպասում ենք հիմա»,- NEWS.am-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Դավթյանը

Նշենք, որ Կարինե Պապանյանի ծննդաբերության ժամանակ ծնունդն ընդունող բժիշկը եղել է Վահագն Մադոյանը, որին էլ հարազատները մեղադրում են կատարված ողբերգության մեջ: Մադոյանը շարունակում է աշխատել հիվանդանոցում: Ի դեպ, Մադոյանը 2013թ.-ին հայտնվել էր սկանդալի մեջ. Նա կալանավորվել էր քաղաքացիական հագուստով ոստիկաններին ծեծելու մեղադրանքով: 2014թ.-ին Մադոյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառել: Մյուս ատյանները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը թողել էին ուժի մեջ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կարինե Պապանյանի մահվան գործը կարճվել էր, քանի որ դատախազությունը որոշել էր, որ հանցակազմը բացակայում է: Պապանյանի հարազատներին միայն վերաքննիչ բողոքից հետո հաջողվեց քրգործը վերաբացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով 2014թ. մայիսի 28-ին Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են 38-ամյա Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։ Հիվանդանոցում պնդում են, որ Կարինեին փրկել հնարավոր չէր, քանի որ նրա մոտ ծննդաբերելիս առաջացել էր պտղաջրային էմբոլիա։ Մինչդեռ Կարինեի հարազատները վստահեցնում են, որ կինը մահացել է բժիշկների անուշադրության պատճառով: