Գերմանացի խորհրդարանականները միաձայն աջակցել են Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների կողմից հանրաքվեի քարոզչության արգելքին, հայտնում է Deutsche Welle-ն:
Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Վոլֆգանգ Բոսբախը խոսքի ազատության մասին թուրքերի փաստարկները «փաստերի խեղաթյուրում» է անվանել:
«Գերմանիան Թուրքիայի ֆորպոստը չէ, իսկ արտասահմանյան քաղաքական գործիչներն իրավունք չունեն արշավ անցկացնել գերմանական հողում»,- նշել է նա:
Նրա հետ համաձայն է Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչ Հորսթ Զեեհոֆերը: Նա նշել է, որ թուրք քաղաքական գործիչները Գերմանիայի ազատական օրենքներն օգտագործում են իրենց երկրում «հակաժողովրդավարական վերակառուցման առաջմղման համար»:
Այս որոշմանն աջակցել են նաեւ Բունդեսթագի թուրքական ծագմամբ պատգամավորներ Ջեմ Օզդեմիրը եւ Սեւիմ Դաղդալենը: Դաղդալենը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է եւ կարող է Էրդողանին եւ նրա նախարարներին թույլ չտալ բռնապետության եւ մահապատժի վերականգնման քարոզչություն իրականացնել:


























