Չի կարելի վաճառել ապրանքը, կարելի է վաճառել այն խնդիրը, որն այդ ապրանքը լուծում է։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Ketone մարկետինգային ընկերության հիմնադիր ու Մեծ Բրիտանիայի հարցերով գլխավոր խորհրդական Մայք Լազիեւը՝ Լոնդոնում տեղի ձեռներեցների հետ 17 հայկական ընկերությունների գալիք հանդիպման կազմակերպման շրջանակում։

«Ցանկացած նման միջոցառում մարկետինգ է։ Շատ կարեւոր է, որ ընկերությունը կարողանա ճիշտ ներկայացնել իրեն։ Մեզ մոտ ո՞նց է ընդունված։ Գալիս ես, ասում ես, թե ինչ լավ ծրագիր ունես ու սպասում ես առաջարկի, բայց արտասահմանում հաճախորդին դա բոլորովին չի հետաքրքրում։ Նրա ուշադրությունը գրավելու համար պետք է պատմել, թե ձեր ապրանքը նրան ինչ առավելություններ կտա, ինչ օգուտ կբերի։ Հայկական ընկերությունները պետք է փոխեն իրենց ներկայացման ձեւը՝ այն նմանեցնելով արեւմտյան ոճին։ Հենց դրանով ենք մենք հիմա զբաղվում»,- պարզաբանել է նա։

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի շուկային, ապա փորձագետի խոսքով, այն բավականին հետաքրքիր է բիզնեսի տեսակետից։ Այնտեղ սիրում են հստակություն ու ճշգրտություն, դուք կամ գնում եք այն հոսանքի ուղղությամբ, որին նրանք են հետեւում, կամ էլ խաղից դուրս եք մնում։ Այդ երկրի պահպանողականությունը ընդամենը կարծրատիպ է, այն պիոներ երկրներից մեկն է (early adopter)՝ դեռ չի հասցնում հորիզոնում հայտնվել նոր տեխնոլոգիա, ու նրանք արդեն միանգամից որսում են այն։ Եվրոպայում ամենա early adopter են համարվում հոլանդացիները, բայց նրանց թվաքանակը ընդամենը 3 միլիոն է, իսկ անգլիացիներինը՝ 65 միլիոն, նույնիսկ գերմանացիներից են առաջ անցել։

«Բրիտանացի գործարարների հետ հայկական ընկերությունների գալիք հանդիպումը հրաշալի հնարավորություն է հարթել կապեր, փոխառել փորձ ու դուրս գալ նոր շուկա։ Մեր ընկերությունները միանշանակ ներուժ ունեն»,- ամփոփեց Մայք Լազիեւը։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստան էին այցելել բրիտանացի լրագրողները, որոնք մի շարք հոդվածներ էին գրել հայկական ՏՏ ոլորտի մասին։ 17 ընտրված ընկերությունները կմեկնեն Լոնդոն՝ պոտենցիալ գործընկերների ՝ ավելի քան 70 բրիտանական ընկերությունների հետ անմիջական հանդիպումների համար։