Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է «Ֆրանսիան նորից հզոր դարձնել»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Իհարկե, ես այդպես բազմաթիվ տարիներ եմ ասում»,- հաղորդավարի հարցին պատասխանել է Լը Պենը:

«Ֆրանսիան լողափերին բուրկինին չէ: Ֆրանսիան Բրիջիտ Բարդոն է»,- հավելել է նա:

Լը Պենը հայտարարել է, որ դեմ է «հանրային վայրերում գլխաշոր կրելուն». նա դեմ է ոչ թե մահմեդականությանը, այլ «իսլամական ֆունդամենտալիզմին»: Քաղաքական գործիչը միգրանտներին մեղադրել է հարձակումների մեջ, որոնց արդյունքում երկու տարվա ընթացքում Ֆրանսիայում ավելի քան 200 մարդ է զոհվել:

Սակայն «Ֆրանսիայում օտարերկրացիները, որոնք աշխատանք ունեն, որոնք հարգում են երկրի օրենքները, անհանգստանալու կարիք չունեն»: