ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ պետության նախկին ղեկավար Բարաք Օբաման հրամայել է նախընտրական արշավի ժամանակ լսել իր հեռախոսային խոսակցությունները, հատուկ ծառայություններին հանկարծակիի է բերել, փոխանցում է Fox News-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ բարձրաստիճան անձինք չեն հասկանում, թե Թրամփն ինչ է նկատի ունեցել՝ գաղտնալսման մասին հայտարարելով: Աղբյուրները հայտնել են, որ Թրամփը Twitter-ում անցյալ շաբաթ օրը հաղորդագրություն կատարելուց առաջ ոչ մեկի հետ չի խորհրդակցել:
New York Times-ն ավելի վաղ հայտնել է, որ ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմին դիմել է ԱՄՆ արդարադատության նախարարին՝ խնդրելով հրապարակայնորեն հերքել Օբամայի կողմից Թրամփի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում կատարել հրամայելու մասին նախագահի խոսքը: ՀԴԲ-ի տնօրենի կարծիքով՝ Թրամփի հայտարարությունը կեղծ է եւ պետք է պարզաբանվի:
Հաղորդվել է, որ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեն մտադիր է առաջիկայում պարզել, թե ինչ է թաքնված Թրամփի խոսքի հետեւում:
Թրամփը շաբաթ օրը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, թե իրեն հայտնի է դարձել, որ նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից մեկ ամիս առաջ «նախագահ Օբաման հրամայել է լսել իմ խոսակցությունները»:



























