Իրաքը ներգաղթային նոր հրամանում, որն, ինչպես սպասվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի երկուշաբթի, կբացառվի այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիներին ժամանակավորապես արգելվել է Միացյալ Նահանգների տարածք մտնել: Սա կիրակի The New York Times-ի հետ զրույցում հաստատել է Վաշինգթոնի վարչակազմում աղբյուրը: 

Աղբյուրի տեղեկություններով՝ նոր հրամանով ժամանակավոր արգելք կսահմանվի նաեւ ԱՄՆ-ում բոլոր երկրներից փախստականների տեղավորման վրա: Այն որքան կտեւի՝ չի հստակեցվել: Նախորդ հրամանը, որը դատարանն արգելափակել էր, ԱՄՆ-ում հարկադիր վերաբնակներին տեղավորելու ծրագիրը կասեցնում էր 120 օրով: Այն նաեւ անորոշ ժամկետով արգելք էր մտցրել Սիրիայից փախստականների մուտքի համար, սակայն աղբյուրի խոսքով՝ նոր փաստաթղթում Սիրիայի վերաբերյալ այսպիսի խիստ ձեւակերպում չի կիրառվի: