Ավստրիան պետք է հստակորեն հասկացնի, որ դեմ է իր երկրի տարածքում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներին։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստյան Կուրցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ես ուրախ եմ այն շրջադարձի համար, որն ընդունում են այդ քննարկումները։ Սակայն ես չեմ կարծում, որ այստեղ մենք պետք է սպասենք համաեվրոպական սկզբունքին։ Եթե մենք նայենք դրությանը, պարզ կդառնա, որ խոսքը 3-4 եվրոպական երկրի մասին է։ Այդ պատճառով էլ ես չեմ կարծում, որ պետք է այդ քննարկումները դուրս բերել եվրոպական քննարկման մակարդակի։ Ավստրիան պետք է կայացնի իր որոշումը։ Գերմանիան եւ Նիդերլանդները պետք է նույն բանն անեն», - ասել է Կուրցը։
«Ավստրիայի որոշումը հստակ պետք է լինի՝ մենք չենք ընդունում Ավստրիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթները։ Մենք սկզբունքայնորեն չենք ցանկանում, որ օտար երկրների նախընտրական պայքարը տարվի Ավստրիայի ներսում եւ որ նման կերպ այլ երկրներից հակամարտությունները ներկրվեն մեզ մոտ։ Դա միշտ վնասում է ինտեգրմանը», — հավելել է նախարարը։




























