Նախագահ Թրամփը այս հանգստյան օրերն անցկացրել է Ֆլորիդայում Մար-ա -Լագո ամրոցում, որտեղ նա թագավոր է, գրում է Washington Post–ը։ «Նրա դուստր Իվանկան ու փեսա Ջարեդ Քուշները, որոնք հայտնի են տաքարյուն նախագահի վրա իրենց բարերար ազդեցությամբ, մեկնել էին նրա հետ։ Բայց նրանք էլ չեն կարողացել կանխել նախագահի զայրույթը։ Թրամփը կատաղած էր ու անզուսպ»,- պնդում են լրագրողները։
«Թրամփի նախագահությունը մշտական քաոսի վիճակում է գտնվում։ Ռուսաստանի հետ կապերի մասին կասկածները շեղեցին ուշադրությունը նրանից, ինչը պետք է դառնար նրա փառքի գագաթնակետը՝ նրա ուղերձը Կոնգրեսի նիստի ժամանակ։ Իսկ հիմա, երբ Թրամփը մեղադրում է Օբամային նախընտրական քարոզչության ժամանակ իր հեռախոսները գաղտնալսելու մեջ, նրա խոսքը կասկածի տակ են դնում նրա իսկ դաշնակիցները ու կուսակիցները»,- գրում են հոդվածագրերը։
«Այս խառնաշփոթի կենտրոնում անհամբեր նախագահն է, որին ավելի է հիասթափեցնում իր աշխատակազմը, որը չի կարողանում ազատվել Ռուսաստանի հետ իր նախընտրական շտաբի համագործակցության մասին համառ տպավորությունից, դադարեցնել տեղեկությունների արտահոսքը ու որեւէ կարեւոր ձեռքբերումներ ապահովել»,- ասվում է հոդվածում։
Թրամփը համարում է , որ իրեն պաշարել են ու իր դեմ դավադրություններ են հյուսում։ Այդ համատեքստում նա նաեւ լրատվամիջոցներին է «ամերիկյան ժողովրդի թշնամի» անվանել։
Սպիտակ տանը երեքշաբթի ուշ երեկոյան ոգեւորություն էր տիրում՝ Թրամփը վերադարձել էր Կոնգրեսի առջեւ իր ելույթից ու թվում էր, թե վերականգնել էր իրավիճակի հանդեպ վերահսկողությունը։ Բայց հենց հաջորդ օրը ոգեւորությունն անհետացավ։ «Washington Post-ը առաջին անգամ հայտնեց, որ Գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ՝ չնայած պաշտոնը ստանձնելիս պնդել էր, որ ռուսների հետ ոչ մի շփում չի ունեցել։
«Թրամփը հրապարակավ պաշտպանել էր գլխավոր դատախազին, ասելով, որ չնայած քննադատների կոչերին՝ նա չպետք է այդ կասկածների պատճառով հրաժարվի Ռուսաստանի ու Թրամփի թիմի շփումների մասին հետաքննությանը մասնակցելուց։ Բայց դրան հաջորդեց հերթական հարվածը՝ Սեշնսը մամուլի ասուլիս հրավիրեց ու հայտնեց, որ ինքնաբացարկ է հայտարարում, ինչը հավասարազոր էր անհնազանդության նախագահին», գրում է պարբերականը։
Ուրբաթ առավոտյան Թրամփը Օվալաձեւ կաբինետ էր կանչել բարձրաստիճան պաշտոնյաներին ու զայրույթից եռալով՝ նրանց հանդիմանել ու քննադատել հետաքննությունից Սեշնսի հրաժարվելու որոշման համար, համարելով, որ Սեշնսը ենթարկվել է լրատվամիջոցների ու քննադատների ճնշումներին, մինչդեռ կարող էր դիմադրել՝ ապավինելով Սպիտակ տան աջակցությանը»,- ասվում է հոդվածում։


























