ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր նախորդին՝ Բարաք Օբամային, քանի որ վերջինս Գունատանամոյից ազատ է արձակել ավելի քան հարյուր իսլամիստ ծայրահեղականների, որոնք, նրա խոսքով, նորից մարտի դաշտ են վերադարձել։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը գրել է Twitter– իր էջում։ 

«Օբամայի վարչակազմի կողմից Գուանտանամոյից ազատված 122 ագրեսիվ բանտարկյալներ մարտի դաշտ են վերադարձել։ Եւս մեկ սարսափելի որոշում»,–գրել է Թրամփը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ռազմածովային ուժերի կապիտան Ջեֆ Դեվիսը երկուշաբթի օրը հայտարարել է, որ մարտի 2–ին Եմենում գտնվող թիրախներին ամերիկյան զինծառայողների կողմից հասցված հարվածների հետեւանքով սպանվել է «Ալ–Քայիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Յասիր էլ–Սիլիմը՝ հայտնի որպես Մուհամեդ Թահար։ Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, որ այս գրոհայինը 2002-2009–ին  կալանավորված է եղել Գունատանամոյի բանտում, ապա ազատ արձակվել ու Եմեն արտաքսվել։