Փարիզը եւ Երեւանը, Ֆրանսիան եւ Հայաստանը իրար տալու նույնքան բաներ ունեն, որքան եւ իրարից ընդունելու, եւ հենց այդ փոխադարձությունն է, որ բնորոշ է մեծ բարեկամությանը: Այս մասին, մարտի 8-ին, Փարիզի քաղաքապետարանում ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի այցելության  տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ իր ելույթում նշել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Նա, մասնավորապես, ասել է.

«Երեւանում սքանչելիորեն հյուրընկալվելուց ընդամենը մի քանի ամիս անց շատ երջանիկ եմ այսօր հյուրընկալել ձեզ Փարիզում: Եվ թեեւ իմ ելույթը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական այցի շրջանակներում, այն երջանկությունը, որ ես այսօր տածում եմ, բնավ սոսկ արարողակարգային չէ։ Այն արտահայտում է ուրախություն, որն ունենում են բարեկամները միմյանց հանդիպելիս՝ միմյանց հետ հաղորդակցվելու եւ միմյանց տարբերություններով հարստանալու նպատակով:

Մեծարգո՛ պարոն նախագահ, 

Դուք ինձ մեծ պատիվ եք մատուցում՝ այս շքանշանը հանձնելով, որն ինձ համար իրապես խորհրդանիշ է այն յուրօրինակ բարեկամության, որը միավորում է մեզ, որը միավորում է Փարիզը Հայաստանին, եւ ես մաղթում եմ Ձեզ բարի գալուստ Փարիզ եւ քաղաքապետարան, որը փարիզեցիների տունն է: Այն բարեկամությունը, որը փարիզահայերը կարողացել են ստեղծել իրենց անդրդվելի մարդասիրությամբ, որի նորագույն պատմության մարտիրոսները եւ միաժամանակ պահապաններն են հանդիսանում նրանք: Այսօր ես մտածում եմ բոլոր նրանց մասին, ովքեր կարողացել են նույն էներգիան ներդնել Ֆրանսիան սերտելու եւ Հայաստանը հիշելու, ֆրանսիացի դառնալու եւ հայ մնալու, ֆրանսիական ավանդույթներն ապրելու եւ միեւնույն ժամանակ նախնյաց ավանդույթները պահպանելու մեջ: Ես ցանկանում եմ ողջունել այդ արտակարգ աշխատանքը, որ կատարվում է այն կանանց եւ տղամարդկանց կողմից, ում հետ ես հաճույք ունեմ հանդիպելու եւ համագործակցելու, եւ որը ներկայումս իրականացվում է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների կողմից։ Ուստի, թույլ տվեք մասնավորապես ողջունելու այստեղ ներկա Արա Թորանյանին եւ Մուրադ Փափազյանին՝ իրենց կատարած աշխատանքի համար: 

Սիրելի՛ փարիզահայ եւ ֆրանսահայ բարեկամներ,

Ես վստահ եմ, որ ձեր համայնքի ինտեգրումը եւ հաջողությունն արդյունքն է ձեր աշխատանքի, ձեր հետեւողականության, որը երբեւէ չի մոռանում լինել նաեւ մեծահոգի, ինչպես նաեւ ձեր յուրահատուկ կարողության՝ համատեղելու անցյալի գիտակցումը հեռանկարի գիտակցման հետ։ Քանի որ իմ կարծիքով անցյալի եւ հեռանկարի գիտակցման միջեւ կա մի շատ գնահատելի արժեքավոր կետ, որում իրար են հանդիպում Փարիզը եւ Հայաստանը։ Նախ, քանզի անցյալի գիտակցումը մեզ դարձնում է պատասխանատուն այն պատմության, որի ժառանգորդներն ենք, բայց միեւնույն ժամանակ պատասխանատուն այն ներկայի, որը մենք այսօր միասին կիսում ենք: 

Այսօր այստեղ ցանկանում եմ հրապարակայնորեն եւ հանդիսավոր կերպով կրկնել այն, ինչ ասացի հոկտեմբերին՝ ձեր կողմից ինձ տրամադրած հանդիպման ժամանակ: Ցանկանում եմ բարձրաձայնել Հայաստանի իրավունքն ապրելու խաղաղության եւ անվտանգության մեջ: Միեւնույն հանդիսավորությամբ վերստին կուզենայի շեշտել 1915 թվականի Ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ դրա ժխտողականության քրեականացման կարեւորությունը: Փարիզը եղել է եւ մշտապես կլինի հայ ժողովրդի կողքին՝ պաշտպանելու նրա անցյալի հիշողությունը եւ ներկայիս կյանքի անվտանգությունը, քանի որ դրանք անբաժանելի են: Այդ նպատակով ենք մենք Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւանի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հետ համատեղ այստեղ կազմակերպել Ցեղասպանությանը նվիրված ցուցադրությունը, այդ նպատակով ենք մենք ամեն տարի հիշատակի ոգեկոչման արարողություն կազմակերպում Փարիզի քաղաքապետարանում եւ միեւնույն ժամանակ ոգեկոչում վերապրածներին՝ Հայր Կոմիտասի: Հիշատակի պահպանությանն ուղղված այդ աշխատանքի շարունակությունն է նաեւ մեր նախաձեռնությունը՝ Փարիզի կենտրոնում ստեղծելու մի վայր, որը միեւնույն ժամանակ կհավերժացնի ցեղասպանության հիշողությունը եւ կնշանավորի հետագա վերածնունդը, որը հայ ժողովրդի ճակատագրի դրոշմն է: 

Ես առաջին իսկ օրվանից մշտապես պաշտպանել եմ կենտրոնի ստեղծման գաղափարը եւ հույս ունեմ, որ այն շատ արագ կյանքի կկոչվի պետության եւ ռեգիոնի կողմից, եւ Փարիզ քաղաքը կանգնած կլինի նրանց կողքին։ Կցանկանայի ողջունել բոլոր քաղաքական միավորների ներկայացուցիչներին, որ ինձ ուղեկցում էին, Երեւան կատարած իմ այցելությունից ես ստացել եմ ոգեւորող եւ թարմաշունչ ուղերձ․ արձանագրել եմ նախ այն առանցքային դերը, որ հայ հասարակությունը հատկացնում է մշակույթին՝ անկախ ճանապարհին հանդիպող խոչընդոտների։ Սիրով, որպես օրինակ, կմեջբերեմ ֆրանսիացի մի պատասխանատուի միտքն առ այն, որ հայ ժողովրդի համար մշակույթի արտահայտման միջոցներ գտնելը համարժեք է մարդկային կյանքի համար անհրաժեշտության: 

Երեւանի փողոցներում մշակույթը մեր դեմ հառնեց իբրեւ յուրօրինակ մարդկայնությամբ օժտված հասարակությանն անհրաժեշտ մի երեւույթ, այսինքն՝ ոչ թե որպես մի երեւույթ, որը մնացել է, երբ ամեն այլ բան մոռացվել է, այլ մի երեւույթ, որ մենք հրաժարվում ենք մոռացության մատնել։ 

Հայաստանի մայրաքաղաքի հիասքանչ այդ եռանդի մեջ ես տեսա գեղեցիկ արձագանքն այդ հարստության, որի պահպանողը եւ փոխանցողն էր դարձել Կոմիտասը: Ձեր երկիր իմ այցելությունից ի վեր, կարծում եմ, առավել լավ եմ հասկանում Կոմիտասի աշխատանքի այն հսկայական արժեքը. այն է, հայ ժողովրդի ահարկու փորձության նախօրեին հայկական ժողովրդական մշակույթի պահպանմամբ փրկելու հայ ժողովրդի յուրահատուկ, համամարդկային կենդանի մասնիկը: 

Ճանաչելով հանդերձ Կոմիտասի հանճարը՝ Երեւանում մշակույթը ես զգացի ոչ թե որպես հազվագյուտ մի երեւույթ, որը միայն մշակութային վերնախավի սեփականությունն է, այլ այն հասանելի է բոլորին եւ սնվում է բոլորից: 

Մեզ հատկապես ցնցեց ԹՈՒՄՕ կենտրոնի բացահայտումը։ Հարյուրավոր պատանիներ, երբեմն գերօժտված, երբեմն էլ միգուցե չօժտված, սովորում են ինֆորմատիկա, հայտնագործում են նորարար տեխնոլոգիաներ, եւ հաստատապես ստեղծելու են սթարթափներ: Այդ կենտրոնն, իհարկե, նորարարական կենտրոն է, բայց միեւնույն ժամանակ մի տարածք՝ նախատեսված ստեղծելու ապագայի ուղեղներ, եւ նման կենտրոն մենք Ֆրանսիայում դեռեւս չունենք: Եվ այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի ներմուծենք այդ լավ օրինակը մեր քաղաքում: 

Մեծարգո՛ պարոն նախագահ, 

Ինչպես տեսնում եք, Փարիզը եւ Երեւանը, Ֆրանսիան եւ Հայաստանը իրար տալու նույնքան բաներ ունեն, որքան եւ իրարից ընդունելու, եւ հենց այդ փոխադարձությունն է, որ բնորոշ է մեծ բարեկամությանը: 

Կցանկանայի նաեւ, օգտվելով ֆրանսահայ համայնքին ծառայող հոգեւորականության առաջնորդների եւ Ձեր, տիկին Սփյուռքի նախարար, ներկայությունից, հայտնել, որ Փարիզը համերաշխ է արեւելյան քրիստոնյաների, ինչպես նաեւ Սիրիայում եւ Իրաքում հակամարտության բոլոր զոհերի հետ: 

Այդ համերաշխությունը հստակ է, այն դրսեւորվում է բազմաթիվ փախստականներին ընդունմամբ, կամուրջների ստեղծմամբ, որոնք հաճախ փխրուն են, երբեմն էլ հաջողված կամուրջներ, բայց ես գիտեմ, որ ցանկացած փոքր կամուրջ ավելի արժեքավոր է, քան աշխարհի բոլոր գոռոզ պատերը: 

Մեծարգո՛ պարոն մախագահ, 

Հենց այդ կամուրջներով է անցել սփյուռքահայությունը։ Փարիզը պարտական է նրանց իր մշակութային, մտավոր եւ հոգեւոր հարստության համար, ինչպես փարիզահայերն են նրան երախտապարտ իրենց վերապրման եւ հետագա վերածննդի համար: 

Որպես այդ կամուրջների վկայություն՝ մենք որոշել ենք Փարիզի փողոցներից մեկը վերանվանել Զաբել Եսայանի անունով, ով գտնվել է հայ ժողովրդի կրած տառապանքների կիզակետում եւ խորհրդանշում է այդ բոլոր տառապանքները: 
Փարիզում մենք պահպանում ենք հայ ժողովրդի կրած բոլոր տառապանքների, ըմբոստությունների, պայքարների հիշողությունը, բայց միեւնույն ժամանակ մենք բացում ենք հնարավոր ճանապարհները, որպեսզի դրանք, ինչպես նաեւ Երեւանում, արտահայտեն հույսը, հայտնագործությունները եւ նախաձեռնությունները:

Մեծարգո՛ պարոն նախագահ,

Հարգելի՛ բարեկամներ,

Ցանկանում եմ այսու, որպեսզի շարունակվի, ի հիշողություն վատագույնի եւ հանուն լավագույնի, փոխադարձ երկխոսությունը մեր երկու այս գերդրսեւորումների միջեւ՝ փարիզյանի եւ հայկականի՝ հարուստ իրենց մեծ եւ գեղեցիկ ապագայով: