ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը Արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես Թուրքիայի շահերի լոբբիստ: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթեդ Պրեսը»:
Ֆլինը Թուրքիայի շահերի լոբբինգի աշխատանքն ավարտել էր մինչեւ նախագահական ընտրությունները, իսկ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո գործընկերների հետ պարտավորվել էր չգործել արտասահմանյան իշխանությունների շահերի շրջանակում, պարզաբանել է գործակալությունը, որի տեղեկություններով՝ Ֆլինի փաստաբանը երեքշաբթի նախարարություն փաստաթղթեր է ներկայացրել, որոնց համաձայն՝ նա ինքնակամ գրանցվել է լոբբինգի աշխատանքի համար, որը «ընդհանուր առմամբ կարող է որպես Թուրքիայի համար շահավետ դիտարկվել»:
Նախկինում Ֆլինի քոնսալթինգային ֆիրման ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել էր նիդեռլանդական ընկերության հետ համագործակցության մասին, որի սեփականատերը թուրք բիզնեսմեն է: Սակայն այդ ժամանակ Արդարադատության նախարարություն ոչ մեկը փաստաթուղթ չէր ներկայացրել: Փաստաթղթում հաստատվում է, որ այս համագործակցությունը դադարեցվել է 2016 թվականի նոյեմբերին:
Փետրվարին Ֆլինը հրաժարական է տվել եւ ընդունել, որ Սպիտակ տանը ամբողջական տեղեկություն չի հայտնել Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփումների մասին:
Հունվարին պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ հետո Թրամփը իր վարչակազմի պաշտոնյաներին արգելել էր հրաժարականից հետո 5 տարի լոբբինգով զբաղվել, իսկ արտասահմանյան կառավարությունների շահերի լոբբինգը ցմահ էր արգելել:


























