«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջերս հեռուստատեսություն հարցազրույցի պետք է գար ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը, բայց նրանից կես ժամ առաջ եկավ այդ գործչի թիկնապահը եւ հետաքրքրվեց, թե որտեղ է մտնելու եւ որտեղից է դուրս գալու իր «պաշտպանյալը»: Որքան գիտեմ` կուսակցությունների ղեկավարներին օրենքով թիկնապահներ չեն հասնում, բայց եթե նույնիսկ հասնում են, ինձ թվում է, որ թիկնապահներ ունենալը իրական կյանքից եւ ժողովրդից կտրված լինելու նշան է: Թիկնապահով ման եկողի շութերից` «ո՜վ տառապյալ ժողովուրդ, վա՜յ, արտագաղթ, վա՜յ, աղքատություն, վա՜խ, անդունդի եզրին ենք» արտահայտությունները անկեղծ չեն հնչում: Ճիշտ այնպես, ինչպես այդ բառերը համոզիչ չեն արտաբերվում 10 հազար դոլարանոց մուշտակ հագած տիկնանց շուրթերից:
Ոչ, ես դեմ չեմ, որ լինեն հարուստ մարդիկ, նույնիսկ դեմ չեմ, որ նրանք օրենքի շրջանակներում զբաղվեն քաղաքականությամբ: (Ուրիշ հարց, որ պետք է արգելել ոչ միայն բիզնեսի եւ քաղաքականության, այլեւ բարեգործության եւ քաղաքականության համատեղումը): Բայց այստեղ խոսքն աչքածակության, երկրորդական, արտաքին դրսեւորումներով ինքնահաստատվելու մասին է: Այդ՝ առաջին հայացքից երկրորդական մանրուքները խոսում են մարդու արժեքային համակարգի մասին` ինչով է նա ապրում, ինչի է ձգտում, ինչի համար է նրան պետք իշխանությունը կամ, տվյալ դեպքում, պատգամավորական մանդատը:
Եվ այդ առումով թույլ տվեք հարցնել` այդ տեսանկյունից ո՞րն է նախընտրական պայքարի երկու հիմնական ֆավորիտների տարբերությունը` այն երկու կուսակցությունների, որոնք միասին, ըստ ամենայնի, կազմելու են ապագա խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը: Ինչո՞ւ ինձ պետք է հուզի, թե ինչ փոխհարաբերությամբ են նրանք այդ մեծամասնությունը կազմելու` 35+25, թե՞ 24+38 տոկոս: Գուցե իրենց համակարգի ներսում ինչ-որ փոխատեղումներ կամ իշխանության վերաբաշխումներ լինեն, բայց այդ խնդիրն առնչվում է մի քանի տասնյակ մարդու, բայց ոչ մեզ` Հայաստանի 100 հազարավոր քաղաքացիներիս:
Եվ ինչո՞ւ միայն այդ երկուսինը: Իսկ մնացա՞ծ կուսակցությունների մեծ մասը: Թե՞ նրանք կտրականապես դեմ էին, որ թիկնապահը ծեծելով մարդ սպանի` նախագահին «սխալ բարեւելու» համար: Կամ բողոքո՞ւմ էին, երբ «երկրապահներն» ու օլիգարխների թիկնապահները մարդկանց քացու տակ էին գցում պարզապես այն պատճառով, որ նրանց արտաքին տեսքն իրենց դուր չէր գալիս:
Դուք կասեք, որ դա անցած-գնացած է եւ կարեւոր չէ: Կարեւորը «խեղճ ժողովուրդն է», որի դարդերով նրանք տապակվում են իրենց պալատներում նստած եւ թիկնազորով շրջապատված: Բայց «ժողովուրդը խեղճ է», մասնավորապես, այն պատճառով, որ նրանք են ամբարտավան, անպատիժ, անվերահսկելի, որ գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը, անկախ նրանից` այն կոչվում է իշխանություն, թե ընդդիմություն, դավանում է միեւնույն արժեքները` զոռբայություն, տգիտություն, փողի աստվածացում:
Իհարկե, հեռուստատեսությամբ եւ ամբիոններից այլ բաներ են ասվում: Խնդիրն այն է, թե ով է դրանց հավատում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


























