Հավայի նահանգը փորձում է դատարանի միջոցով չեղարկել ԱՄՆ՝ 6 երկրների քաղաքացիների մուտքի արգելքը, հաղորդում է BBC-ն:
Հավայն ԱՄՆ առաջին նահանգն է դարձել, որը դատարան է դիմել՝ մարտի 6-ին Դոնալդ Թրամփի կրկին ստորագրած՝ 6 երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքն արգելելու մասին օրենքը չեղարկելու հետ կապված: Հունվարին սահմանված առաջին արգելքը չեղարկվել է Սիեթլի շրջանային դատարանի կողմից:
Հոնոլուլուի դաշնային դատարան ներկայացված հայցում ասվում է, որ արգելքի պատճառով կտուժի նահանգի մուսուլման բնակչությունը, կնվազի զբոսաշրջիկների հոսքը:
«Հավային յուրահատուկ նահանգ է, քանի որ ամբողջ պատմության ընթացքում այն խուսափել է խտրականությունից», - հայցը մեկնաբանել է նահանգի գլխավոր դատախազ Դագ Չինը:
«Մեր բնակչության 20 տոկոսը ծնվել է արտասահմանում, մեր բնակիչներից 100 հազարը քաղաքացիություն չունեն, աշխատուժի 20 տոկոսը մարդիկ են այլ երկրներից», - հավելել է Չինը:
Հայցի վերաբերյալ առաջին լսումը տեղի կունենա մարտի 15-ին՝ վերոնշյալ արգելքի ուժի մեջ մտնելու նախօրեին:


























