«Աքույու» ԱԷԿ-ի շինարարության շուրջ համագործակցությունը Թուրքիայի հետ միջուկային ոլորտում գործընկերություն կկանխորոշի հաջորդ 100 տարվա համար: Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական ընկերության ղեկավարի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ռուսական կողմը գիտակցում է այս նախագծի իրականացման ամբողջ պատասխանատվությունը: Սա ոչ միայն երկրի զարգացման համար անհրաժեշտ նոր աղբյուր է, այլեւ նախագիծ, որը ազգային ենթակառուցվածքների զարգացմանն է զարկ տալիս… Թուրքական կողմը մեզ մեծ պատիվ է արել՝ Ռուսաստանին վստահելով Թուրքիայի տարածքում առաջին նախագծի իրականացումը: Մենք հրաշալի հասկանում ենք, որ հաջորդ 100 տարիներին մենք կապված կլինենք այս նախագծով… Մեր խնդիրը ոչ միայն ամենաանվտանգ, ժամանակակից եւ արդյունավետ ԱԷԿ կառուցելն է, այլեւ թուրք հասարակության հետ համապատասխան հարաբերությունների կառուցումը»,- ասել է Կոմարովը՝ ելույթ ունենալով ռուս-թուրքական հանրության համաժողովում:

«Աքույու» եւ «Թուրքական հոսք» նախագծերի իրականացումը կքննարկվի երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի մարտի 10-ի հանդիպման ժամանակ, ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը: