Հայաստանի բնակչությունը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ВЦИОМ) իրականացրած հարցման արդյունքներն այսօր՝ մարտի 9–ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը։

Ըստ սոցհարցման արդյունքների՝ Կարապետյանի կառավարության աշխատանքին դրական գնահատական է տվել Հայաստանի բնակչության 77 տոկոսը, ընդ որում, նրանց 31 տոկոսը միանշանակ դրական է տվել, իսկ 46 տոկոսը` ավելի շուտ դրական։ Հարցվածների միայն 12 տոկոսն է բացասական գնահատել կառավարության աշխատանքը։

«Հարցվածները Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հաջող աշխատանքի արդյունք են համարում գնաճի վերահսկողությունը, կադրային քաղաքականությունը, հարկային քաղաքականության փոփոխությունները, առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, ճանապարհային երթևեկության ոլորտի բարեփոխումները»,- ասել է Վալերի Ֆյոդորովը:

Կառավարության աշխատանքում բնակչության մատնանշած թերությունները հիմնականում վերաբերում են կառավարման եղանակներին, ծախսերի կրճատմանը:

Հարցումն անցկացվել է հանրապետության ամբողջ տարածքում մինչև նախընտրական քարոզարշավը: Հարցման մասնակիցների 36 տոկոսը բնակվում է Երևանում, 29 տոկոսը` երկրի այլ քաղաքներում, 36 տոկոսը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ: