Վաշինգտոնում գինու բարի եւ ռեստորանի տերերը դատի են տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան մեղադրելով անբարեխիղճ մրցակցության մեջ: Նրանց ռեստորանը տեղակայված է այն նույն թաղամասում, որտեղ գտնվում է նաեւ Թրամփին պատկանող Trump International հյուրանոցը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Բարի տերեր Հալիդ Փիթսը եւ Դիանա Գրոսը պնդում են, որ հյուրանոցի ռեստորանը, որի անվանումը համընկնում է նախագահի ազգանվան հետ, խլում է իրենց հաճախորդներին: Այն դարձել է դիվանագետների եւ բիզնես լոբբիստների նախասիրած վայրը:

«Իսկապես, ինչո՞ւ նրանք չգնան այն վայրը, որը Միացյալ Նահանգների նախագահին ավելի մոտ է թվում»,- հարցրել է հայցվոր Փիթսը:

Հայցը ներկայացվել է Trump Old Post Office LLC  ընկերության հյուրանոցի կառավարչի եւ անձամբ Դոնալդ Թրամփի դեմ: Հայցվորները պահանջում են փոխհատուցում վճարել, սակայն, նրանց կարծիքով, նախագահության շրջանում Թրամփը պետք է փակի հյուրանոցը, վաճառի այն կամ նախագահի պաշտոնից հեռանա:

Հալիդ Փիթսը փաստաբան է եւ կապ ունի ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության հետ: 2014 թվականին նա մասնակցել է տեղական ընտրություններին, իսկ մինչ այդ գրանցվել է որպես կուսակցության անդամ: Նրա կինն աշխատել է դեմոկրատ սենատոր Բարբարա Միկուլսկիի հետ: