Ջոն Հանթսմանը համաձայնել է դառնալ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
2012-ին հավակնելով ԱՄՆ նախագահի պաշտոնին՝ հանրապետական Ջոն Հանթսմանը համաձայնել է դառնալ Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից եւ Հանթսմանից այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն դեռեւս չի հնչել:
Ներկայումս Հանթսմանը ղեկավարում է Atlantic Council փորձագիտական-վերլուծական կենտրոնը: Նա դիվանագիտական աշխատանքի փորձ ունի՝ 1992-ին եղել է Սինգապուրում ԱՄՆ դեսպան: 2004-ին ձայների 58 տոլոսով Հանթսմանն ընտրվել է ԱՄՆ Յութա նահանգի նահանգապետ, իսկ 2008-ին՝ վերընտրվել:
Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ երկրների հետ Հանթսմանների ընտանիքի բիզնեսը կապվել է 1988-ին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժից հետո, երբ զոհվեց մոտ 25 հազար մարդ, իսկ Սպիտակ քաղաքն ամբողջությամբ ավերվեց: ԱՄՆ-ում հայտնի բարեգործ Հանթսման ավագը ԽՍՀՄ կառավարությանը ֆինանսական օգնություն է առաջրկել եւ սեփական միջոցներից ներդրել 50 մլն դոլար՝ դպրոցների ու հիվանդանոցների վերականգնման, մոտ 8 հազար տների կառուցման համար: Հայաստանում ներդրումների համար նա արժանացել է հանրապետության երկու պետական մրցանակների ու ստացել Հայաստանի քաղաքացիություն:




























