ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ-ում ներդրվել է ընտանեկան բռնությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի առանձին վիճակագրության վարման կառուցակարգ, որը թույլ կտա համապարփակ ուսումնասիրել բռնության այդ տեսակի տարածվածությունը, դրսեւորման եղանակները, ձեւերը, տուժողների եւ մեղադրյալների կարգավիճակները, ինչպես նաեւ՝ նրանց միջեւ փոխհարաբերությունները։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2016 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 359 քրեական գործ, որոնցից 18-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված ընտանեկան բռնության 359 գործերից՝
- 222-ը վերաբերել է ծեծին (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված),
- 45-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին (ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդված),
- 23-ը՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությանը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն,
- 19-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդված),
- 10-ը՝ սպանությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված)
- 7-ը՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն եւ այլն:
Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 3-ը եղել են մոր , 14-ը՝ հոր, 3-ը՝ խորթ հոր, 9-ը՝ եղբոր/քրոջ, 15-ը՝ զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 2-ը՝ կնոջ, 136-ը՝ ամուսնու, 3-ը՝ թոռան, 6-ը՝ ամուսնու ծնողների, 15-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված:
Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 204 անձ, որոնցից 122-ը՝ 18-35 տարեկան, 82-ը՝ 35 տարեկանից բարձր:
Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 237 անձ, որոնցից 20-ը՝ մինչեւ 12 տարեկան, 2-ը՝ 12-14 տարեկան, 25-ը՝ 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 108-ը՝ 18-35 տարեկան, 80-ը՝ 35 տարեկանից բարձր:
Հաշվետու ժամանակահատվածում 206 քրեական գործի վարույթ կարճվել է՝ մեծամասամբ բողոքի բացակայության կամ տուժողի՝ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով։
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 89 քրեական գործ՝ 89 անձի վերաբերյալ:
Նշենք, որ «Ընտանեկան բռնություն» եզրույթը կիրառվում է 2014թ. նոյեմբերի 17-ի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի 3-րդ կետում տրված ձեւակերպման համատեքստում, որի համաձայն՝ «ընտանեկան բռնություն» եզրույթը մեկնաբանվում է հետեւյալ կերպ. «… ֆիզիկական եւ հոգեբանական բռնի գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում, կամ նախկին (կամ ներկա) ամուսինների կամ զուգընկերների միջեւ՝ անկախ նրանից, թե կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում, թե՝ ոչ»:




























