2017թ. մարտի 7-ին կայացել է Կայուն զարգացման նպատակները ազգայնացող գործընթացն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը կազմակերպել է ՀՀ կառավարության աշխատակազմը եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը: Միջոցառմանը ներկա են եղել պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային գործընկերներ:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը ողջունել եւ շնորհավորել է խմբի անդամներին եւ հյուրերին Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացի մեկնարկի կապակցությամբ: Կարեւորվել է Հայաստանում Կայուն զարգացման նպատակների գործընթացը եւ նշվել, որ դրանց իրագործումը մեծապես կնպաստի երկրում տնտեսական, բնապահպանական, սոցիալական եւ իրավական ոլորտների զարգացմանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն:

ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է կենտրոնի ծրագրերը եւ նշել, որ դրանք համահունչ են Հայաստանում Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող գործընթացին: Ըստ նրա, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կհանդիսանա որպես բաց եւ հասանելի հարթակ այս գործընթացի շահագրգիռ կողմերի համար:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի փոխնախագահ Վահրամ Կաժոյանը ներկայացրել է գործընթացի ճանապարհային քարտեզը եւ նպատակների խմբավորումն ըստ ենթախմբերի եւ համակարգողների:

Ելույթով հանդես են եկել նաեւ Միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ Կարինե Դանիելյանը, Յուրի Պողոսյանը, ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունից Կարինե Կույումջյանը եւ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության փորձագետ Գագիկ Գաբրիելյանը:

Նիստի ընթցքում կոչ է արվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ մասնակցելու Կայուն զարգացման նպատակների շուրջ իրականացվող աշխատանքներին:

Խմբի ընդլայնված հանդիպումները տեղի կունենան երեք ամիսը մեկ: