ՀՀ-ում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը ճանաչում է 10 տոկոսից ավելին: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած երթի ժամանակ՝ մայրաքաղաքի թիվ 1 ընտրատարածքային շրջանում (Նոր Նորք, Ավան եւ Քանաքեռ Զեյթուն վարչալան շրջաններ) հայտարարել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորության թենածու Ստեփան Սաֆարյանը:
Նա վստահություն է հայտնել, որ քաղաքական ուժերը հարգանքով կվերաբերվեն միմյանց թիմերին: «Մենք նաեւ շատ հարգալից կլինենք ընտրողի ձայնի նկատմամբ: Եվ որքան նախորդ ընտրություններն այս ընտրատարածքում աչքի են ընկել ոչ այնքան ցանկալի արդյունքներով, մենք հույս ունենք, որ բոլորս կհասկանանք մեր ընտրողի ձայնի նշանակությունը՝ մեր ճակատագիրը կանխորոշելու տեսանկյունից», - նշել է Սաֆարյանը:
Պատգամավորության թեկնածուն հիշեցրել է, որ իրենք արդեն քարոզարշավ են անցկացրել մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում: «Եվ անկեղծ ասած,բոլոր ընտրատարածքներում մենք տեսել ենք մեզ սպասող մարդկանց: Տվյալ պահին ես դժվարանում եմ ասել, թե ամբողջ հանրապետությունում նրանք ինչպիսի թվաքանակ կկազմեն, բայց Երեւան քաղաքում, համենայն դեպս, դրությունը հուսադրող է»,-հավելել է Ստեփան Սաֆարյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն, իր հերթին, ընդգծել է. «Հայաստանը պետք է դադարեցնի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Հայաստանը պետք է ինտեգրվի եւ եվրոպական մեծ ընտանիքի լիիրավ անդամ դառնա: Թե ինչպիսի հնարավորություններ դա կտա, շատ պարզ է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա իր այցը կազմակերպել Եվրամիության ցանկացած երկիր»:
Հիշեցնենք, որ արեւմտամետ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կարգախոսն է «Մենք կարող ենք»:




























